«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են մրցույթում:
«Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է, որն անցկացվում է առցանց: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:
Ինչո՛ւ մասնակցել «Կենգուրու» մրցույթին
- «Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
- Բանաձևերի իմացություն չի պահանջում:
- Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չունի:
- Անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
- Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
- Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
- Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
- Մրցույթի շնորհիվ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դառնում: