Մեղու մրցույթի մասին

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։

«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ից սկսել է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։

Ինչո՛ւ մասնակցել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

  •      «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  •       Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
  •       Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
  •       Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
  •       Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  •       Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը
  •       Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
  •       Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
  •       Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար: