Մասնակցության պայմաններ

Մրցաշարի առաջադրանքները նախապես հրապարակվում են https://contests.am կայքում:

Թիմում մասնակիցների թիվը կարող է լինել՝ 4-5 ուսանող: Թիմը պետք է ունենա ավագ։

Բնագիտության ուսանողական մրցաշարին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտը լրացնել մինչև 2022թ. մարտի 17-ը:

Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2022 թ. մարտի 20-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:

Բնագիտության ուսանողական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա 2022թ․ ապրիլի 16-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ ապրիլի 23-ին:

Բնագիտության ուսանողական մրցաշարի կարգը և առաջադրանքները կարող եք ներբեռնել հղումով:

Այստեղ բերված են նաև սահիկաշարերին ներկայացվող պահանջները և օրինակելի սահիկաշարի նմուշ։

Եզրափակիչում խաղարկվելու է կազմակերպիչների կողմից նախապես ներկայացված ոլորտին վերաբերող նախագծային աշխատանք: Մասնակից թիմերն ազատ են որոշելու իրենց հետազոտության ծավալը և բնույթը (տեսական, գործնական)՝ առաջարկված ոլորտում, որն այս տարի ՌԱԶՄԱԿԱՆՆ է:

Մրցաշարի պատմությունը

Բնագիտության ուսանողական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է:

 Բնագիտության ուսանողական մրցաշարը 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների մրցաշարի (ՊՔՄ) տրամաբանական շարունակությունն է։ «Այբ» կրթական հիմնադրամը 2019թ․-ից  հնարավորություն է ընձեռում մեր երեխաներին ներկայացնելու իրենց և մեր երկիրը նաև միջազգային հարթակում՝ մասնակցելով Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին. 2018-2021թթ․ մրցաշարերից մեր երեխաները վերադարձել են երրորդ կարգի դիպլոմներով և անվանական պատվոգրերով։ Հենց Պատանի քիմիկոսների մրցաշարի հաջողված փորձի վրա է հիմնված ուսանողական նոր մրցաշարը։  

Ուսանողական առաջին մրցաշարերին մասնակցել են 9 թիմ (44 ուսանող) Հայսատանից: 

Մրցաշարի նպատակները

«Այբ» կրթական հիմնադրամի նոր ուսանողական նախագիծն է։ Բնագիտության ուսանողական մրցաշարը   նպատակ ունի աճեցնելու երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության  նկատմամբ և նպաստելու մեր երկրում այդ գիտական ճյուղերի զարգացմանը, նոր մասնագետների ներգրավմանը և հասարակության մեջ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն մասնագիտությունների դերի մեծացմանը, ինչպես նաև հենց հետազոտական և գիտական ուղությունների կարևորության բարձրացմանը։

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցաշարին

Բնագիտության ուսանողական մրցաշարին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները:

Բնագիտության ուսանողական մրցաշարը թիմային մրցույթ է, որում բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով, ֆիզիկայով և կենսաբանությամբ հետաքրքրվող ուսանողները կդրսևորեն բարդ խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարը հնարավորություն կտա արդի բնագիտական խնդիրների լուծման գործընթացը  տեղափոխելու ուսանողական հարթակ և պահելու այդ նույն ոգևորվածությունը և ստեղծագործ մոտեցումներն  ուսման գործընթացում։ 

Արդյունքում ակնկալում ենք ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գիտարտադրական գործունեության մեջ, ձևավորել ուսանողական թիմեր` արդի գիտական և տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար, նպաստել ուսանողներին ընկերություններում և հետազոտական ինստիտուտներում աշխատանքի տեղավորելուն, ինչպես նաև սեփական ծրագրերի և զարգացման ուղղությունների մշակմանն ու հաղթահարմանը։