«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ

«Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից): Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:

«Ռուսական արջուկն» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:

Կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն արգելք չեղան, որ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակի կրթական տոն պարգևել հազարավոր երեխաների և հանդես գա նոր, ժամանակին համահունչ լուծումներով և նորարար գաղափարներով։ «Այբ»-ի զանգվածային դպրոցական մրցույթներն անցնում են առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։

Մենք լիահույս ենք, որ մրցույթի նոր ձևաչափով անցկացումը նոր խթան կծառայի մեր կրթության ոլորտում նորարարությունների և 21-րդ դարին համահունչ ծրագրերի ներդրմանը։